Ճամբարային խաղերի նախագիծ

Նպատակ՝ խաղային գործունեությամբ երեխաների կարողությունների, հմտությունների զարգացում:

Մասնակիցներ՝ կրտսեր դպրոցների սովորողներ։

Խաղ 1. «Ժպտացող արև»

Նպատակը․ օգնում է զարգացնելու երեխաների պատկերացումներն իրենց ես-ի մասին։

Անհրաժեշտ նյութեր․ թուղթ, գունավոր մատիտներ։

Ուղեցույց․ խաղավարը երեխաներին փոխանցում է հետևյալ մտքերը․ «Ես-ը կազմված է մեր պատկերացումներից։ Այդ պատկերացումների մեջ մտնում են մեր անունը, արտաքինը, բնավորության գծերը, հետաքրքրություններն ու նախասիրությունները, ինչպես նաև ներընտանեկան ու սոցիալական մեր դերերը»։ Այնուհետև մասնակիցներին առաջարկում է արև նկարել, արևի շրջանի կենտրոնում գրել իրենց անունը, իսկ յուրաքանչյուր շողի վրա՝ իրենց բնութագրող բառեր։ Ի դեպ, մի քանի շող կարող է նաև չլրացվել։

Այս խաղը հնարավորություն է տալիս մասնակիցներին պատկերացում ունենալու իրենց ես-ի նշանակության ու դերի մասին։ Ըստ էության, յուրաքանչյուրի ես-ը բաղկացած է իր բնավորությունից, սովորություններից, հմտություններից և այլն։ Արևի՝ դեռ չլրացված շողերը խորհրդանշում են, որ երեխաները, բնականաբար, լիովին ձևավորված չեն․ նրանք կյանքի ընթացքում նոր հմտություններով ու ձեռքբերումներով կարող են լրացնել արևի բաց մնացած շողերը։ Այս խաղը երեխաներին օգնում է հասկանալու, որ իրենցից յուրաքանչյուրը կյանքում կարող է լինել արևի պես ջերմացնող ու լուսավոր։

 

Խաղ 2. «Արագ կողմնորոշվիր»

Նպատակը․ օգնում է զարգացնելու բառ կազմելու, տարածության մեջ կողմնորոշվելու, թիմով աշխատելու կարողությունը, տեսողական ընկալումը, խոշոր մոտորիկան։

Տարբերակ 1. Ուղեցույց․ խաղավարը մասնակիցներին բաժանում է երկու խմբի։ Յուրաքանչյուր երեխայի տալիս է ինքնասոսնձվող թղթի վրա գրված մեկ տառ, որը փակցվում է երեխայի հագուստին։ Երկու խմբին էլ տրվում են միևնույն տառերը, օրինակ՝ Վ, Ա, Շ, Ու, Ն, Գ, Դ, Ր։ Դրանցով կարելի է շատ բառեր կազմել։ Խաղավարն ասում է որևէ բառ, օր․՝ գունդ, իսկ մասնակիցները բառը լսելուց հետո պետք է անմիջապես կանգնեն իրար կողք այնպես, որ կարդացվի նշված բառը։ Հաղթող կճանաչվի այն խումբը, որն արագ և ճիշտ կկազմի բառերը։

Տարբերակ 2․ Ուղեցույց․ Ինչպես առաջին տարբերակում է նկարագրված, այս դեպքում ևս երկու խմբի մասնակիցներն ունենում են միևնույն տառերը, սակայն բառեր պետք է մտածեն ու կազմեն ինքնուրույն և ներկայացնեն նախօրոք սահմանված ժամանակի ավարտին։ Դրա համար յուրաքանչյուր խմբից ընտրվում է մեկական մասնակից, ով կլուսանկարի իր թիմի կազմած բառերը և կհետևի ժամանակին։ Հաղթող կճանաչվի այն խումբը, որն առավելագույն թվով ճիշտ բառերի լուսանկարներ կունենա։

 

Խաղ 3. «Նմանություն»

Նպատակը․ նպաստում է իմացական ոլորտի, արագ կոսղմնորոշման կարողության զարգացմանը։

Ուղեցույց․ մասնակիցները շրջանաձև նստում են և հերթով միմյանց հարցեր տալիս։ Հրացերը կազմում են հետևյալ կերպ, օրինակ՝

-Ի՞նչ նմանություն կա մարմարի և թղթի միջև։

-Երկուսն էլ կարող են սպիտակ լինել։

-Ի՞նչ նմանություն կա դաշնամուրի և ծաղկի միջև։

-Երկուսն էլ ազդում են մարդու զգայարանների վրա։

-Ի՞նչ նմանություն ժամացույցի և արեգակի միջև։

-Երկուսն էլ կարող են ժամանակ ցույց տալ և այլն։

 

Խաղերն ընտրված են  «Խաղանք և սովորենք» գրքից / Մշակումը՝ Սուսաննա Դավթյանի

 

Leave a comment